Ամսագիր Մարտ 2015 Սաքուլիկի 50 երանգները

03 Մարտ 2015, 12:57
1309 |

Սաքուլիկի 50 երանգները

Փետրվարին Երևանում չեղավ մեկը, որ չարտահայտվի (պաշտպանելով կամ դիտողներին ամոթանք տալով) «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ բլոքբասթերի մասին: Բանաստեղծ Կարեն Անտաշյանը մեր խնդրանքով չալարեց, երկու ժամով մի կողմ դրեց գրականությունն ու աշխատանքը և գնաց ֆիլմը դիտելու:

Մարտական առաջադրանք ստանալով «Երևան» ամսագրից, այն է՝ լինել աղմկահարույց «Մոխրագույնի 50 երանգները» պոռնո-ֆանֆիկի հիման վրա նկարահանված ֆիլմի հայաստանյան պրեմիերային, հետախուզել այդ ակնհայտորեն ոչ հայեցի բովանդակությունը սպառելու եկած հանդիսատեսի պատմաաշխարհաքաղաքական, ժողովրդագրական և բարոյահոգեբանական նկարագիրն ու մերկացնել այն հանրության առաջ, նախ ինքս ինձ համար փորձեցի պարզել հանցակազմի մանրամասները, ինչի՞ մասին է խոսքը: Այո, պիտի խոստովանեմ հետամնացիս քաղաքակրթության կենտրոններում ընթացող կարևոր իրադարձություններից անտեղյակությունը՝ «պիդդիսյատ ածծենկըվ սեռըվը» արտահայտությունն առաջին անգամ էի լսում, և այն այդ պահին ականջիս հնչում էր լատինաամերիկյան մոգական ռեալիզմի լավագույն ավանդույթների վեհությամբ:

Ավաղ: Իբրև նախապատրաստական աշխատանք՝ այն, ինչ հաջողացրի կարդալ ու դիտել բազմերանգ մոխրոտի մասին՝ բնորոշվում էր հիմնականում ամենա-ամենա-ամենա և վաճառքներ-վաճառքներ-վաճառքներ արտահայտությունների միջակայքում՝ ուղեկցվելով թվերի, թվերի, թվերի կրակահերթով: Այնպիսի զգացողություն էր, որ մինչ ես վերջին տարիներին բանից անտեղյակ զբաղված էի ամուսնանալու, տուն-տեղ սարքելու, երեխաներ մեծացնելու բավական ծեծված գործերով, քաղաքակիրթ աշխարհիս հալալ կեսը (ավելի ճիշտ՝ բիթի կեսը) տվայտվելիս է եղել 27-ամյա միլիարդատեր Գրեյի և բանասիրական ֆակուլտետի կույս ուսանողուհի Անասթեյշայի ԿԳՍՄ (կապկպում, գերակայություն, սադո-մազո) ֆորմատում ծավալվող բարդ հարաբերություններով: Տվայտվելն էն խոսքը չի. վեպի արդեն երրորդ հատորի միլիոնավոր վաճառքներ, ռեկորդային վաճառքներ էլեկտրոնային ֆորմատով, ֆան-ակումբներ աշխարհով մեկ, միլիարդավոր գրառումներ սոցցանցերում, ամենաբարձր մակարդակով մշակութաբանական և էքզիստենցիալ քննարկումեր կողմ և դեմ բանակների գլուխջարդոցիով, վեպի ազդեցության տակ արված հանցագործությունների մի ողջ քրոնիկոն ու, ի վերջո, նաև համանուն ֆիլմի էկրանավորում: Դե պատկերացրեք, որ այս աղմուկը գա-հասնի հայոց լեռնաշխարհ, մեզ կտրի ինքնության մեր հազարամյա պայքարից, մեր պետականաշինությունից (լրիվ ԿԳՍՄ ոճի բառ), մեր հայեցիությունը խաթարի, դե պատկերացրեք սրա աղմուկի չափը: Ու, ասենք, սա ձեզ համար «սնիկերս» ուտել կամ «կոլա» խմել չի, սա «գանգնամ սթայլ» պարել, «այս բաքեթ չելենջ» և այլ գլոբալիզացված կապիկություններ անել չի, սա բարձր գեղագիտության հավակնություններ չունեցող ակնհայտ և անթաքույց պոռնո է, որը մենք, ճիշտ է, էդքան սիրում ենք ազգովի, բայց դե թաքուն... կրկնում եմ՝ ԹԱ՛-ՔՈ՛ՒՆ:

Ինձ անկեղծորեն սկսեց տանջել այս գործի հաջողության գաղտնիքը հասկանալու ցանկությունը: Ինձ՝ հայկական երրորդ հանրապետության ոչ այնքան լավ ժամանակներում գրական շուկայի զարգացման գաղափարների երբեմնի լուսավորչիս, գրող-պարտիզան-շուկայագետիս, սկսեց հետապնդել որակական քանակ կազմելու չափ մեծաթիվ այս մարդկանց սպառողական վարքը հասկանալու խնդիրը: Ինչո՞ւ, ինչո՞ւմն է գաղտնիքը՝ Է.Լ. Ջեյմսը տանի:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով